Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նախազգուշացնելով պատերազմական գոտում վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի մասին։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման ախատանքների իրականացումը, նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար:
Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:
Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար:
Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով:
Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը